Մոլդովայի գործող նախագահը մրցակցին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոն և ընտրյալ նախագահ Մայա Սանդու

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է եվրոպամետ դիրքերից հանդես եկող Գործողության և համերաշխության կուսակցության թեկնածու Մայա Սանդուն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրական տեղամասերից ստացված բոլոր արձանագրությունները և հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն՝ Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 57,75 տոկոսը, իսկ գործող նախագահ Իգոր Դոդոնը վաստակել է քվեների 42,25 տոկոսը: Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 52,78 տոկոսը:

Ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է, երբ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած առաջին փուլի արդյունքներով բոլորից շատ քվեներ են ստացել երկու թեկնածուներ՝ Դոդոնը և Սանդուն, ով 3.5 տոկոսով առաջ է անցել մրցակցից:

Իգոր Դոդոնը քիչ առաջ մրցակցին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ և համախոհներին կոչ է արել չկազմակերպել բողոքի ակցիաներ: