Մարտունու ճարտարապետը որոշել է ընտանիքով վերադառնալ Արցախ

Ճարտարապետ Սեյրան Դանիելյանը որոշել է Արցախ տեղափոխել պատերազմի օրերին Գյումրիում ապաստանած ընտանիքին։ Դանիելյանը ռազմական գործողություններից մեծապես տուժած Մարտունու շրջանի վարչական կենտրոն Մարտունի քաղաքի ճարտապետն է, աշխատանքի ընդամենը երկու ամիս առաջ էր անցել։ Նրա խոսքով՝ որոշումը ծանր է, բայց իրենց տունը լքել չեն ուզում։

«Միանշանակ հետ ենք գնալու։ Ես չեմ կարող ասել հիմա ոնց ա, բայց հույս ունեմ, որ հնարավոր կլինի ապրել․ տուն ա, փլված ա, թե՞՝ փլված չի՞, վնասվա՞ծ ա․․․ ջուրն ու լույսը կլուծվի, մնացածը հեշտ ա, կանենք։ Ամեն դժվարություն տեսել ենք մենք, դժվարությունից չենք վախենում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դանիելյանը։

Նրա կինը՝ Նաիրա Դանիելյանը, Մարտունու դպրոցի ուսուցչուհիներից է: Ամուսնու հետ համամիտ է, որ պետք է վերադառնալ Արցախ:

«Դեռ չգիտենք, երբ ենք հետ գնալու, բայց գնալու ենք, ուղղակի էնտեղ բան չկա՝ պատուհանները ջարդված, դռները ջարդված, վարպետները սարքեն, նոր, էս ցրտին էրեխեքին ո՞ւր տանենք», - նշեց Նաիրա Դանիելյանը։

Նա գիտի, որ Մարտունու դպրոցը հրթիռակոծման հետևանքով տուժել է: Նաիրան դպրոցի մանկավարժների հետ կապ ունի, ասում է՝ բոլորն ուզում են վերադառնալ:

«Կարոտում ենք դպրոցին, կարոտում ենք քարերը նույնիսկ։ Բոլորն էլ ասում են՝ «լույսը լինի, ջուր լինի, գնալու ենք»։ Բոլորն էլ ուզում են հետ գնալ, ասում են՝ «գնանք, մեր քաղաքը, դպրոցը շենացնենք», չեն ուզում էստեղ մնան, մեր ուսուցիչները բոլորն էլ ուզում են հետ գնալ։ Համ էլ որքան կարող ես ուրիշի տանը մնալ, շատերը բարեկամի տանն են, ծանոթի տանն են, դժվար ա չէ՞, ամաչում են», - ասաց Նաիրա Դանիելյանը։

Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Դանիելյանները խաղաղությունը հնարավոր համարում են, բայց անվտանգության 100 տոկոսանոց երաշխիք չունեն:

Մոտ 22 հազար բնակիչ ունեցող Մարտունու շրջանը սահմանակից է Ադրբեջանի կողմից գրավված Հադրութի և Ֆիզուլու շրջաններին, ինչպես նաև Աղդամին, որը մինչև նոյեմբերի 20-ը պետք է վերադարձվի Ադրբեջանին։ Ամուսինները կարծում են, որ հիմա առաջնահերթ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը։

«Ինձ թվում է, պետք է կարգավիճակի հարցն էլ լինի, թե չէ մենք 30 տարի ապրել ենք ստատուս քվոյով, 30 տարի զոհեր ենք տվել, հիմա մենակ խաղաղապահներ գան կանգնեն, 5 տարուց հետո, ենթադրենք, մի կողմն ասի՝ «համաձայն չենք», այ դրանից ենք վախենում։ Եթե մեզ անկախություն չտան վախ ա մեզ էնտեղ ապրելը։ 5 տարի հետո խաղաղապահը կգա՞ կանգնի՞, թե՞ մի մասը կասի, որ չի ուզում ու պատերազմը նորից կշարունակվի», - ասաց Նաիրա Դանիելյանը։

Դանիելյանները 10 հոգով են ապաստանել Գյումրիում: Նրանց որդին ծնվել է Գյումիրում՝ 88-ի երկրաշարժից հետո։ Հիմա սպասում են, որ տղան դիրքերից իջնի ու ընտանիքին տուն տանի: