ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս բերել օտարերկրյա վարձկաններին

Սիրիա - Զինյալ գրոհայիններ Իդլիբ նահանգում, արխիվ

Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները կոչ են անում ղարաբաղյան պատերազմի գոտուց դուրս բերել այնտեղ գտնվող բոլոր օտարերկրյա վարձկաններին։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի կազմում գործող Վարձկանների կիրառման աշխատանքային խմբի՝ չորեքշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ։

Աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծավալված պատերազմների ընթացքում վարձկանների կիրառման փաստերը հավաքագրող այս կառույցը, որ կազմված է հինգ անկախ փորձագետներից, ուսումնասիրել է սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական գործողութուններում վարձկանների մասնակցության մասին շրջանառվող տեղեկություններն՝ արձանագրելով․ - «Լայնորեն տարածված այդ տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիայի աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ առաջնագծում, ապավինել է Սիրիայից ժամանած զինյալների աջակցությանը»։

«Առկա տեղեկությունների համաձայն, Թուրքիան ներգրավված է սիրիացիների հավաքագրման և Ադրբեջան տեղափոխման լայնամասշտաբ գործընթացում։ Այդ մարդկանց մի մասը առնչություն ունի Սիրիական ազգային բանակի հետ», - նշել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկվար Քրիս Քվաջան՝ հավելելով․ - «Թուրքիայի ենթադրյալ դերակատարությունն ավելի մտահոգիչ է դառնում, երբ հաշվի ես առնում այդ երկրի կողմից Լիբիայում գործող զինյալների հավաքագրմանը, տեղակայմանն ու ֆինանսավորմանն ուղղված քայլերի մասին տեղեկությունները, որոնց մասին ավելի վաղ այս տարի հայտարարել էր ՄԱԿ-ի աշխատանքային խումբը»։

ՄԱԿ-ի փորձագետների համոզմամբ, Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների՝ ղարաբաղյան հակամարտությանը մասնակցության առավել մտահոգիչ կողմերից մեկը վարձկանների՝ նախկինում ցուցաբերած պահվածքն է։

«Այս համատեքստում էլ ավելի մեծ անհանգստություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանում տեղակայված սիրիացի զինյալները, որոշ տեղեկությունների համաձայն, առնչություններ ունեն այնպիսի զինված խմբավորումների և անհատների հետ, որոնք որոշ դեպքերում մեղադրվել են Սիրիայում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ», - հայտարարել են փորձագետները։

Այդ ամենն, ըստ նրանց, կարող է հանգեցնել «անպատժելիության փակ շրջանի՝ հետագայում ևս մարդու իրավունքների խախտման վտանգ ստեղծելով»։

Վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հրապարակված այս փաստաթղթում նաև հստակ արձանագրել է՝ սիրիացի զինյալների ներկայությունն Ադրբեջանում միջազգային իրավունքի նորմերի հստակ խախտում է։

«Այն ձևը, որով այդ մարդիկ հավաքագրվել են, տեղափոխվել և օգտագործվել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, լիովին համապատասխանում է միջագզային իրավական փաստաթղթերում տեղ գտած նկարագրությանն, այդ թվում՝ այն նկարագրությանը, որ առկա է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և մարզման մասին միջազգային կոնվենցիայում»։ Այդ փաստաթղթի տակ առկա է նաև Ադրբեջանի ստորագրությունը», - արձանագրում է աշխատանքային խմբի ղեկավարը։

ՄԱԿ-ի փորձագետները երեկ հրապարակված այս փաստաթղթում նաև մատնանշում են այն գործոնները, որոնք նպաստում են Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրմանը։

«Հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական կացությունը [Ադրբեջան մեկնող] զինյալներն, ըստ ամենայնի, առաջնորդվում էին նախևառաջ անձնական շահով։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, զինյալների մահվան դեպքում, նրանց հարազատներին դրամական փոխհատուցում և թուրքական քաղաքացիություն է խոստացվել», - նշված է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ընդունած փաստաթղթում։

Փորձագետներն այս զեկույցը եզրափակում են Լեռնային Ղարաբաղում վարձկանների օգտագործումից հրաժարվելու կոչով։

«Կողմերին և դրանց աջակցող պետություններին հաստատակամորեն կոչ ենք անում անհապաղ կերպով դուրս բերել բոլոր տեսակի վարձկաններին և հարակից դերակատարներին, ինչպես նաև զերծ մնալ հետագայում դրանց հավաքագրմանը, ֆինանսավորմանն ու տեղափոխմանն ուղղված քայլերից», - հայտարարում են վարձկանների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամները՝ նշելով․ - «Վերոհիշյալ մեղադրանքների առթիվ մեր մտահոգությունները մենք ուղղակիորեն փոխանցել ենք Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին, ինչպես նաև դրանց մասին տեղեկացրել ենք Սիրիայի Արաբական Հանրապետության իշխանություններին»։