Վրաստանում ողջունում են խաղաղությունը, բայց մտահոգված են Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին անմիջապես արձագանքել էր պատերազմը դադարեցնելու` Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությանը։ Պատերազամը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվալին Թվիթերում գրել էր. - «Կովկասում սկսվում է նոր դարաշրջան։ Շնորհավորում եմ մեր ընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ, և շնորհակալություն եմ հայտնում բոլոր համակարգողներին։ Իմ ցավակցությունը զոհվածների հարազատներին։ Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունի։ Միասին սկսում ենք համագործակցության նոր փուլ»։

Վրաստանի արտգործնախարարությունն իր հայտարարությունում հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնպաստի հակամարտության համապարփակ կարգավորմանը։ «Վրաստանը պաշտպանում է երկու երկրների միջև երկխոսությունը։ Բացի այդ, մենք պատրաստակամություն ենք հայտնում մեր ներդրումն ունենալ խաղաղ գործընթացում միջազգային հանրության հետ միասին։ Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության ակտիվ ջանքերն ու բազմակողմ միջազգային մեխանիզմների գործադրումը իրենց ազդեցությունը կունենան երկարատև խաղաղության ապահովման վրա, ինչը նոր հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար», - նշված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Խաղաղությունը ողջունելուն զուգահեռ, նաև շատ մտահոգություններ կան Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման հետ կապված։ Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Իեն Քելլին Թվիթերում գրել է․ - «Վրաստանի նախագահը ինչպե՞ս կարող է ողջունել համաձայնագիրը, որն ամրագրում է ռուսական ևս մեկ օկուպացիա Կովկասում և արգելափակում Արևմուտքին»։

Վրաստանի ընդդիմությունը նախագահին հիշեցնում է, որ Ռուսաստանի օկուպացիոն զորքերը գտնվում են Հյուսիսային Օսիայում և Աբխազիայում։ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն ասել է, թե չի կարելի շնորհավորել Ռուսաստանին միջնորդության համար, երբ տարածաշրջանում հայտնվում են «ռուսական օկուպացիոն լրացուցիչ զորքեր», և ստեղծվում է լրացուցիչ անկլավ «Ռուսաստանի օգտին»:

Պատմաբան Դմիտրի Սիլակաձեն հիշեցնում է 1920 թվականը, երբ Կարմիր բանակը հարավկովկասյան երկրներ մտավ Ադրբեջանից, այն ժամանակ ևս հայերն ու ադրբեջանցիները պայքարում էին Ղարաբաղի համար։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ միջնորդի դերում հանդես եկած Ռուսաստանը լրացուցիչ ևս 2 հազար զինծառայող մտցրեց տարածաշրջան: «Նրա գրպանում է խաղաղության կամ պատերազմի բանալին։ Իսկ թե Ռուսաստանը ինչպես է շահարկում այդ բանալին, վաղուց բոլորին հայտնի է։ Վրաստանի համար սա վատ է, ինչպես 1920-ին, այնպես էլ 2020-ին Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում չտեսնված բարձր է», - գրել է պատմաբանը։

Վրաստանում քչերն են հավատում, որ Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում կարճաժամկետ կլինի։