Արսեն Բաբայանի փոխանցմամբ, Արթուր Վանեցյանը ձերբակալվել է

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է։ Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Բաբայանի փոխանցմամբ, Վանեցյանը կասկածվում է ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։

Վանեցյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։ Հարցաքննությունից հետո լարգրողների հետ զրույցում նա ասել էր․ - «Ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ, որպես վկա եմ հարցաքննվել»։

Վանեցյանի ղեկավարած կուսակցությունը ևս այսօր մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող17 քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին: Նշենք, որ 17 կուսակցությունների թվում են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն։

Կեսգիշերն անց հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք « պայքարելու են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման, այլև Հայաստանում մեծաքանակ քաղբանտարկյալների ազատության համար»։ Նա նշեց, որ շարժման առաջնորդների էական մասն, ինչպես նաև այլ կարևոր մասնակիցներ, այսօր ձերբակալվել են և կալանավորվել։