ԲՀԿ-ական պատգամավորները մտան Ազգային ժողով՝ սկսելու արտահերթ նիստ գումարելու գործընթաց

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մտան Ազգային ժողով՝ արտահերթ նիստ գումարելու գործընթաց սկսելու:

«Հիմա ես և իմ գործընկերները՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մտնում ենք Ազգային ժողով, մենք բացառապես իրավական ճանապարհով սկսում ենք արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց, դրա համար մենք պետք է լինենք Ազգային ժողովում», - ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Զոհրաբյանը ԼՀԿ պատգամավորներին հրավիրեց Ազգային ժողով՝ մասնակցելու արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը, հավելելով. «Դիմում եմ «Իմ քայլի» այն պատգամավորներին, ովքեր այս օրերին տարբեր կապի միջոցներով ինձ ասել են, որ զարհուրած են, որ ցավում են: Ասել են դուք սկսեք գործընթաց, վերջին պահին կմիանանք ձեզ: Չկա վերջին պահ, սա միակ և ճակատագրական պահն է»:

«Նիկոլ, քեզ շատ բաներում կարելի է մեղադրել, բայց մի բանում չեմ ուզում մեղադրել, դու գիտես պատմություն, դու հասկանում ես, որ թուրքի առաջ Արցախը ծնկի բերած հայը շարունակի մնալ ղեկավար», - ասաց նա:

Հիշեցնենք՝ քիչ առաջ Էդմոն Մարուքյանը հայտարարություն տարածեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ: