Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցները շարժվեցին խորհրդարան

Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին հաջորդեց քայլերթը դեպի կառավարության շենք: Իսկ այստեղից էլ ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով:

Նշենք, որ ցույցի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նաև պահանջում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

Ազատության հրապարակում ամբիոնից Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց այն քայլերը, որով նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հանձնի իշխանությունը: Այսպես, քայլ առաջին` Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս, երկրորդ` ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, երրորդ` Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր ազգային դեմքով, չորրորդ` «քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք»:

Հանրահավաքի կազմակերպիչները վարչապետին մեղադրում են «հողերը հանձնելու համար»: 17 կուսակցության թվում են նախկին իշխանություն «Հանրապետական» կուսակցությունը, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը: