Պաշտպանն այցելում է բերման ենթարկվածներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության, պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։

Ավելի վաղ գրասենյակից տեղեկացրել էին, որ պաշտպանի արագ արձագանքման խմբերը ևս մեկնել են իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

17 կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցությունը հայտարարել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։ Այսօր, նախքան հանրահավաքի մեկնարկը, ոստիկանները հայտարարեցին, որ ռազմական դրության պայմաններում հանրահավաքներն արգելվում են, այնուհետև սկսեցին բերման ենթարկել հավաքվածներին։