Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատում է, որ երեկ երեկոյան Հայաստանի ոստիկանությունում կադրային փոփոխություններ են արվել։ Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի երեկվա հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, որին կփոխարինի ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ Սևան Քոչարյանը։
Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ոստիկանության քրեական վարչության պետ Արտակ Կարապետյանը, նրան կփոխարինի Վարդան Վարդանյանը, որը մինչև այդ Տավուշի մարզայինի պետն էր։ Կոտայքի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Զոհրաբյանը։
Մամուլը նաև գրել էր, թե երեկ կառավարության շենք մտած մի խումբ քաղաքացիներ փորձել են ծեծի ենթարկել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, բայց դա կանխել են ԲՀԿ-ական պատգամավորներ Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը: Երկու պատգամավորներն էլ անպատասխան թողեցին մեր զանգերը։ Ոստիկանությունն այսօր տարածած հայտարարությունում հաստատում է, որ ոստիկանապետը երեկ եղել է կառավարության շենքում` ընդգծելով, որ նա փորձել է ստեղծված իրավիճակի մասին խոսել հավաքված քաղաքացիների հետ՝ փորձելով համատեղ կանխել անցանկալի դեպքերի հետագա ընթացքը։ Պաշտոնական հայտարարությամբ, սակայն, ոստիկանությունը հերքել է այն լուրը, թե ցուցարարները փորձել են ծեծի ենթարկել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: