Ըստ Ալիևի, ԼՂ-ում կտեղակայվեն ոչ միայն ռուսաստանյան, այլև թուրքական խաղաղապահներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն ոչ միայն ռուսաստանյան, այլ նաև թուրքական խաղաղապահներ:

«Ղարաբաղում ներկայացված կլինեն և՛ ռուսաստանյան, և՛ թուրքական զինծառայողներ», - այսօր հղած իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ, որը հեռարձակվել է ադրբեջանական լրատվամիջոցներով և որին Մոսկվայից միացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ալիևը համոզմունք է հայտնել, որ «այսօր վերջակետ է դրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակամարտության կարգավորմանը»։

Ադրբեջանի նախագահը շեշտել է Ռուսաստանի «առանձնահատուկ դերը» և շնորհակալություն հայտնել «անձնական մասնակցության համար»:

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ «հակամարտության քաղաքական կարգավորմանն ակտիվ մասնակցության համար»։

Նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Ռուսաստանը ԻԼ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նաև նշել են, որ առաքելության հրամանատարությունը տեղակայված է լինելու Ստեփանակերտում։