Այսօր՝ նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից, քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։
«Ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ իրականացվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի վերահսկողության ներքո։
Կատարվում է ռազմագերիների, ձերբակալված այլ անձանց ու աճյունների փոխանակում։
Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը։
Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականցվում է նաև Ռուսաստանի սահմանապահ ծառայության օրգանների աջակցությամբ։
Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված համաձայնություններն անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու ամբողջական կարգավորման համար՝ արդարության հիմքով ինչպես նաև հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերին համապատասխան», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը։
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշեց՝ հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ինքը տվել է իր համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: