Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունն՝ այն անվանելով «կեղծ լուրեր», ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝BBC-ին տված հարցազրույցում արված հայտարարությունները։
«Սույն հարցազրույցում Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից», - նշել է Նաղդալյանը։
Ադրբեջանի նախագահի հետ զրույցում, BBC-ի թղթակից Օրլա Գերինին հիշեցնենք, մասնավորաբար Ալիևին հարցրել է Շուշիի Ղազանչեցոց ելեղեցու՝ հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած ռմբակոծության մասին։ Ալիևն ասել է, թե դա իրենց հրետանու սխալն էր։ «Բազմիցս ասել եմ՝ կամ դա մեր հրետանու սխալն էր, կամ էլ հայկական կողմի կանխամտածված սադրանքը»․- ասել է Ադրբեջանի նախագահը։
BBC-ի լրագրողի ճշտող հարցի, թե հնարավո՞ր է սխալվել երկու անգամ մեկ օրում, Ալիևը զարմացած պատասխանել է. - «Ինչո՞ւ ոչ»։
Նաղդալյանի խոսքով՝ Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: