Ինտենսիվ մարտեր Շուշի-Քարին տակ հատվածում. հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր

Արցախի ՊԲ հրետանային մարտկոց, հոկտեմբեր, 2020թ.

Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ», - ասված է հաղորդագրությունում:

Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին, նշված է հաղորդագրությունում:

«Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերահսկողության ներքո», - հաղորդում է Արցախի ռազմական գերատեսչությունը: