Շուշին այս պահի դրությամբ դարձել է մարտադաշտ, այնտեղ ընթանում են շատ թեժ մարտեր, երեկ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Հետևաբար, այս պահի դրությամբ խոսել կարգավիճակի մասին, Բաբայանի կարծիքով, վաղաժամ է։
«Այս պահի դրությամբ խոսել կարգավիճակի մասին, կարծում եմ մի քիչ ճիշտ չէ և վաղաժամ է։ Կարող եմ ասել ընդամենը մեկ բան, որ այնտեղ ընթանում են շատ համառ մարտեր տարբեր մակարդակներում, այսինքն՝ և՛ մարտեր, և՛ հերտանին է աշխատում, և՛ տարբեր այլ զինատեսակներ են օգտագործում», - ասաց Արցախի նախագահի խոսնակը։
Դիտարմանը, թե հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է մոտենալ քաղաքի մատույցներին և հարցին, թե որքա՞ն ուժ է Ադրբեջանը կուտակել, կարո՞ղ է հայկական կողմը դիմակայել անվերջանալի թվացող հարձակումներին, Բաբայանը պատասխանեց․ - «Այս դիվերսիոն խմբերն առանձին ստորաբաժանումներ չեն, դրանք Ադրբեջանի բանակի մի մասն են, պարզապես նրանք նոր մարտավարություն են մշակել՝ հատկապես լեռնային և անտառային տարածքներում, որոնք գործում են մնացած բանակային ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության ներքո։ Ուղղակի առաջ են գնում, փորձում են ահաբեկել մեր բնակչությանը, ստորաբաժանումներին։ Պետք է նշեմ, որ Պաշտպանության բանակն արդեն սովորել է այսպիսի խմբերի հետ պայքարելուն, դա շատ կարևոր է։ Նշեմ, որ այդ դիվերսիոն խմբերն անխտիր օգտագործում են թմրամիջոցներ, լինի դա սրսկումների ձևով, թե ինչ-որ դեղամիջոցների ձևով, պատկերացրեք, որ կան դեղամիջոցներ, որոնք կարող են մի քանի օր առույգ պահել։ Այսինքն՝ այս ամենը ոչ թե այդ մարդկանց ֆիզիկական պատրաստվածությունն է, կամ հոգեբանական, իհարկե ֆիզիկապես պատրաստված են, բայց այդ թմրամիջոցները մեծ ազդեցություն են գործում նրանց վրա՝ կորցնում են իրականության զգացումը, հոգնածությունը և այլն։ Եթե 90- ականներին հիմնականում ցածր կարգի թմրամիջոցներ էին օգտագործում հատկապես այդ մոջահեդներն Աֆղանստանից, ապա հիմա այդ դեղամիջոցների որակն ավելի բարձր է»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև