Խաղաղ պայմաններում սպիներ ստացած Կոթի գյուղի 63-ամյա բնակիչը խաղաղություն է երազում

Ադրբեջանի հետ սահմանակից Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը հաշվում է վերջին երեսուն տարում կրակոցներից ստացած վնասվածքներն ու ինքն իրեն հարց տալիս՝ մինչև ե՞րբ պետք է սահմանին ապրող բնակիչն անգամ հրադադարի պայմաններում զգուշանա, կրակոցներ լսի, երեխաներին տեղահան անի։

«Կռիվը սկսվեց երեխաներին տարանք սրա տուն, նրա տուն, հիմա էլ իմ երեխան ամուսնացել ա, երեխա ունի, հիմա էլ սրանք են՝ սրա տուն, նրա տուն: Հիմա էլ պատերազմ ա, չգիտես ոնց անես, ոնց կլինի սրա վերջը չգիտենք: Ստեղ յուրաքանչյուր վայրկյան էլ վտանգ ա, չնայած էլի հաշտվել ենք, ապրում ենք, էն առաջ ուրիշ էր, հիմա էլի էդ հզոր տերությունն ա խառնվել արդեն, կարողա պատահի տեռորիստներ բերի լցնի սահմանը, գիշերը տուն էլ կմտնեն, ամեն ինչ էլ սպասել ա, դրա համար ենք վախենում շատը», - ասաց Սեփխանյանը:

Նրա երեք սպիներից երկուսը խաղաղ պայմաններում են առաջացել՝ հակառակորդի արձակած գնդակներից։ Վերջին վիրավորումը երկու տարի առաջ էր։ Պատմում է, որ գյուղամիջում կանգնած, համագյուղացիների հետ զրուցելիս գնդակը խոցել է ոտքը։

«Էն կռիվների ժամանակ թոքիս կրակեցին, էս ոտքս վիրավոր ա, շատ-շատերը կան, վիրավոր էլ կա մեր գյուղում, բայց դե էլի մեր տունն ա, մեր տեղն ա, էլի պահում ենք, էլ ի՞նչ անենք ուրիշ», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Կոթիի 63-ամյա բնակչի հիշողությունն էլ վառ է երկու ազգերի բարեկամության մասին։ Ասում է՝ սահմանի երկու կողմերի բնակիչները նույն սարերում էին արածեցնում իրենց անասունը, նույն աղբյուրներից օգտվում, անգամ միասին, նույն կացարաններում ամառն անցկացնում։

«Մեր սարերում իրար հետ խառը ապրել ենք էլի, էս կողքի գյուղը, որ կա, համարյա լրիվ իրար ճանաչում ենք, դաժե կռիվների ժամանակ էդ գյուղից մի հատ տղա կար, անունը Մահմեդ էր, եկան էդ մարդուն գերի վերցրին, մենք գյուղով հավաքվեցինք, խնդրեցինք, ասացինք՝ համարեք մեր գյուղացի մարդ ա էլի, թողեք գնա, թողեցինք գնաց», - պատմեց Սեփխանյանը:

Կոթի բնակիչն ասում է՝ իրենք ադրբեջանցիներին խնայել են, բայց տեսնում է՝ ինչպես են նրանք խոշտանգում հայ գերիներին. «Մարդը գերի ա, խոշտանգում են, ամեն ձևի վայրագություններ են կատարում, արդեն հասել ա գագաթնակետին, մարդը տես ինչի ա ընդունակ»:

Ընթացող պատերազմում գյուղն արդեն երկու զոհ է տվել, մեկը ժամկետային էր, մյուսը՝ գյուղի մշակույթի տան աշխատակից։ 63-ամյա Սուրեն Սեփխանյանն ասում է՝ ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցել է՝ որպես ենթասպա։ Այսօր արդեն չի կարող մեկնել ռազմաճակատ, բայց որոշել է հոգու հանգստության համար մի բան անել զոհվածների հիշատակին։ Իր ձեռքով խաչքար է քանդակել և ինքն էլ կտեղադրի Կոթիում՝ զոհվածների հիշատակին կառուցված հուշաղբյուրի մոտ։ «Էս էլ իմ կողմից, գրել եմ Սուրիկից, որ էս էլ իմ կողմից տանեմ դնեմ, սրտի հովություն էլի», - ասաց նա:

Ամբողջ կյանքում սահմանամերձ գյուղում տունուտեղ դրած Սուրեն Սեփխանյանը խաղաղություն է երազում։ Ասում է՝ ամեն ինչ անում են ջահելներին գյուղում պահելու համար։ Բայց անվերջ թվացող հակամարտությունը թևաթափ է անում։ Հույս ունի, որ այսօր Ղարաբաղում ընթացող պատերազմը վերջինը կլինի ու շուտ կավարտվի։