Աշխարհը շնորհավորում է Բայդենին

Աշխարհի լիդերները շնորհավորում են դեմոկրատական Ջո Բայդենին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, թեպետ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը համառորեն հրաժարվում է ճանաչել պարտությունը:

Երեկ Բայդենին շնորհավորական ուղերձներով են դիմել Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետերը, Եվրոպական միության քաղաքական կառույցների ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Գերմանիայի կանցլերը, եվրոպական այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները:

Շնորհավորական ուղերձներին են միացել Իսրայելի և Հնդկաստանի վարչապետերը, արաբական մի շարք երկրների ղեկավարներ:

Ընտրյալ նախագահ Բայդենն, ով այս պահին տանն է՝ հայրենի Դելավեր նահանգի Վիլմինգթոն ավանում, դիմել է հայրենակիցներին և հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի երկիրը միավորելու և անխտիր բոլոր ամերիկացիների, այդ թվում` Թրամփի 70 միլիոն քաղաքացիների նախագահը դառնալու համար:

Ուշագրավ է, որ Ռուսաստանը, որի հասցեին Բայդենը մշտապես կոշտ քննադատություն է հնչեցրել, նոյեմբերի 8-ին Մոսկվայի ժամանակով կեսօրին դեռ որևէ կերպ չի մեկնաբանել ԱՄՆ-ում իշխանափոխության հարցը: