ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը տեղեկություն տրամադրել ևս 6 հայ ռազմագերիների մասին

Պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը:

Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը:

«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են, կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով», - հայտնում են իրավապաշտպանները` հավելելով, որ դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը փաստաթղթավորված տեղեկություն տրամադրել նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: