Ռուսաստանում երկու օր շարունակ գրանցվում է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք

Բնակիչները կորոնավիրուսի ստուգման համար հավաքվել են քաղաքային թիվ 2 հիվանդանոցում, Օմսկ, 5-ը նոյեմբերի, 2020թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանում երկու օր շարունակ արձանագրվում է կորոնավիրուսի վարակի ավելի քան 20 հազար դեպք: Անցած մեկ օրում գրանցվել է 20 հազար 396 նոր հիվանդ:

Ընդհանուր հաշվով՝ Ռուսաստանում գրանցվել է վարակի 1 միլիոն 736 հազար 836 դեպք, մահացել է ավելի քան 30 հազար 250 հիվանդ:

Այս ժամանակաշրջանում առավել մեծ թվով դեպքեր են արձանագրվում Դաղստանում, Չուվաշիայում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Մոսկվայի մարզում և Մարի Էլ հանրապետությունում:

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում հիվանդացել է 5 հազար 829 բնակիչ: Մոսկվան համարվում է վարակի տարածման գլխավոր օջախը: Բարձր թվեր են նաև Սանկտ Պետերբուրգում: