Ըստ ՊԲ-ի, ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտերը շարունակվել են

Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են, հաղորդում է Պաշտպանության բանակը։

Ըստ հաղորդագրության, առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են ադրբեջանական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները:

ՊԲ-ն նշում է, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ Արցախի խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ ադրբեջանական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև ադրբեջանական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

Ադրբեջանական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։