ՊՆ-ն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000 դրամի փոխարեն 3000 դրամ վճարել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000 դրամի փոխարեն 3000 դրամ։ Քաղաքացիների աշխատավարձից ամսական գանձվող գումարը եռապատկելու առաջարկը Պաշտպանության նախարարությանն է։ Նոր օրենսդրական նախագծի անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի պատճառով. ավելացել է հիմնադրամի շահառուների թիվը։

«Այս պահի դրությամբ խնդիրը մեղմելու և հետագայում դա նաև որոշակի շտկելու համար անհրաժեշտ է այս նախագծի կիրառությունը», - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Իշխանական «Իմ քայլում» դեռ մեկ միասնական դիրքորոշում չկա՝ հենց այս առաջա՞րկն է ընդունելի տարբերակ, թե՞ իրենք ևս փոփոխության առաջարկներ կանեն, դեռ պետք է քննարկեն։ Օրենքի նախագիծը երեկվանից է հանրային քննարկման դրվել։ Այնուհանդերձ իշխանական խմբակցությունից, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը կողմ է, որ աշխատող բոլոր քաղաքացիներից, անկախ ստացած աշխատավարձի չափից 1000 դրամի փոխարեն 3000 դրամ գանձվի։

«Այս նախագիծը քննարկում է գաղափարախոսությունը, գաղափարախոսությունը դա ապահովագրությունն է: Սա է պատճառը, որ այս տեսքով է ներկայացված, բացառված չէ, որ էստեղ քննարկումներ իրականացվեն, տարբեր այլ լուծումներ քննարկվեն», - նշեց Մանուկյանը։

Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները ևս դեռ մեկ դիրքորոշում չունեն նախագծի վերաբերյալ, բայց և՛ «Բարգավաճ Հայաստան»-ում, և՛ «Լուսավոր Հայաստան»-ում այդքան էլ ընդունել չեն համարում բոլորից հավասարապես 3000 դրամ գումար գանձելը։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ հիմնադրամի համար գումարը պետք է գանձել ըստ աշխատավարձի չափի։

«Ես չեմ կարող էս պահին խմբակցության տեսակետը ներկայացնել։ Ես ասում եմ՝ արդար չի լինի, որ ասենք բարձր աշխատավարձ ստացող Նաիրա Զոհրաբյանը և նվազագույն աշխատավարձ կամ մինիմալ աշխատավարձ կամ միջին աշխատավարձ ստացող մեկը վճարի նույն գումարը: Այն սկզբունքով, ինչ որ դրված էր 1000 դրամների սկզբունքին, ես կրկնում եմ՝ բոլոր տարբերակները մեզ համար, բնականաբար, ընդունելի է լինելու», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ է անարդար համարում և՛ ցածր աշխատավարձ ստացողից, և՛ բարձր աշխատավարձ ստացողից նույնչափ գումար գանձելը։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ-որ մեկը ստանում է 70 հազար դրամ, 80 հազար դրամ և նա վճարում է 1000 դրամ յուրաքանչյուր ամիս, մյուսն էլ ստանում է կես միլիոն դրամ, 400 հազար դրամ, մեկ միլիոն դրամ, նա էլ է վճարում 1000 դրամ, եկեք նայենք աշխատավարձերի տոկոսներով, թե ինչ տոկոս է կազմում յուրաքանչյուրի դեպքում: Եթե այս ձևով բարձրացվի շատ անարդար կլինի», - նշեց Մարուքյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը բացատրում է՝ ընդդիմադիր պատգամավորների առաջարկը հնարավոր չէ կյանքի կոչել այն իրավիճակում, երբ քաղաքացիներից շատերն իրենց իրական եկամուտները թերի են հայտարարագրում։

«Եթե մենք 330 հազար մարդուն նույնիսկ 2000 դրամ սահմանենք և 1 միլիոնից կամ 2 միլիոնից ավելի ստացողներինը 100 հազար սահմանենք, մենք չենք հավաքագրի այն գումարները, որոնք անհրաժեշտ է հիմնադրամին, որպեսզի երկարաժամկետ հատվածում հիմնադրամը կատարի իր պարտավորությունները», - ասաց Ավետիքյանը:

Քաղաքացիների մի մասը կողմնակից է բոլորից հավասարապես 3000 դրամ գանձելուն, մի մասն էլ համաձայն է, որ ըստ աշխատավարձի չափի գումարը պահվի։ Այնուամենայնիվ հարցման բոլոր մասնակիցներն անհրաժեշտություն են համարում հիմնադրամին ավելի բարձր գումար վճարելը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն փոխհատուցում է տրամադրում նաև այս պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին։ Հիմնադրամի տնօրենն ասում է՝ այսօր արդեն նման 10-ը ընտանիքի է միանվագ գումար փոխանցվել։

«Միայն այսօրվա հատուցումները, որ արել ենք փաստացի հիմնադրամը կելքագրի 102 միլիոն 300 հազար դրամ գումար՝ 10 զինծառայողի գծով: Սա ընդամենը միանվագը, դրանից հետո ամեն ամիս այս զինծառայողների գծով, այսինքն մենք տարեկան 3 միլիոն դրամ 20 տարի շարունակ պետք է վճարենք», - ասաց Ավետիքյանը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին և կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։