Կամավորականները հիացած են ժամկետային զինծառայողների հմտությամբ ու մարտունակությամբ

Ռազմաճակատում հրաշքով փրկված 27-ամյա կամավորական Հովսեփ Ղազարյանն առաջնագծում 9 ընկեր է կորցրել, շունչը կոկորդում քարանում է նրանց մասին խոսելիս, բայց ասում է, որ սա պետք է վերջին ու հաղթական պատերազմը լինի։

Հովսեփն ասում է, որ երբեք չի մոռանալու, թե ինչպես է իր ընկեր, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանն իր վրա վերցնելով հակառակորդի կրակը՝ փրկել իրենց խմբին։ Մենուային ու մյուս ընկերներին խոստացել են, որ այս կռիվն այլևս չի կրկնվելու, ապրելով են հաղթելու․ - «Հանգիստ ձայնով ասաց՝ իսկ հիմա անում են հետդարձ ու խփում ենք սրանց։ Էդ պահին շրջվեցինք, հակառակորդի մեծ խումբ էր մի քանի մետրի վրա նայում մեզ։ Մենուան միանգամից կրակ բացեց իրենց վրա՝ թույլ տալով, որ մենք պտտվենք, կարողանանք իրենց վերացնենք, ու հերոսաբար, գիտակցաբար զոհվեց այդ մարտի ժամանակ»։

Զինվորական ծառայություն չանցած Հովսեփն առաջնագիծ է մեկնել նաև 2016-ի ապրիլյան քառօրյային։ Հեղափոխությունից հետո դադարելով քաղաքականությամբ զբաղվել՝ փորձում էր գինու սեփական արտադրություն հիմնել, բայց պատերազմն ամեն ինչ խառնեց իրար։ Մի քիչ էլ... ու իր սրտի զարկերն էին ռազմի դաշտում կանգնելու․ այս զգացողությունն ունեցել է, երբ հակառակորդի կործանիչը հարվածել է իրենց դիտակետին։ Պայթյունի ալիքը երկու անգամ բարձրարցրել է մարմինն ու ցած նետել։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել , բայց շուտ հանձնվողներից չէ։ «Ի՞նչ բախտ ունես, անգամ ոտքիդ մատներն են տեղում մնացել», - կատակել են ընկերները։

Հովսեփ Ղազարյան

«Էդ պահին չէի կարողանում տեսնել, որովհետև իմ քթից, աչքերից ականջներից արյուն էր գալիս, ու համարյա թե չէի լսում, միայն խուլ ձայներ էին գալիս, ընկերներից գոռոցները։ Հետո աչքերս փորձեցին լվանալ, տեսնել աչքերս տեղում են թե չէ, կապեցին բինտով, որ չվնասվի, որ չբացեմ, որովհետև ամբողջը արյված էր և պատռված էր, արյուն էր գալիս։ Հիվանդանոցի ճամփան եմ հիշում, որ երևի իմ գնացած ճանապարհներից ամենաերկարն էր։ Կենդական ֆունկցիաներից շնչելն էր մնացել», - պատմում է Հովսեփը։

Գրպանի բջջային հեռախոսը եթե չլիներ, բեկորը նաև ծունկն էր մտնելու։ Ջարդված հեռախոսում զոհված ընկերների նկարներն են, ասաց՝ ամեն գնով պետք է վերականգնի դրանք։

Առաջնագծում Հովսեփն ընկերացել է նաև ժամկետային զինծառայողների հետ, որոնք իրենց մարտունակությամբ ու կազմակերպվածությամբ հրաշքներ են գործում․ - «Թե մեր ժամկետայինները ինչ արագությամբ էին կրակը ղեկավարում, ինչ արագությամբ էին կրակում, հակառակորդին պատասխանում, կրակակետերը ճնշում, ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր»։

Հովսեփի ծնողներն ասում են, որ 20 օր շարունակ՝ մինչև որդու վիրավորվելը, իրենք զանգից զանգ են ապրել։ Գոհար Հարությունյանը որդուն երկրորդ անգամ է ռազմաճակատ ուղարկել, իսկ դրանից առաջ, ամուսնուն՝ Տիգրան Ղազարյանին է 90-ականներին Արցախյան պատերազմ ուղարկել։ Շուշիի ազատագրմանը մասնակցած տղամարդու կոչն է ծնողներին, եթե ձեր տղաները պատրաստ են գնալ ռազմաճակատ՝ միայն սատարեք նրանց․ - «Էրեխեքը շատ առումներով մեզանից ավելի լավ ն մտածում։ Ոչ մի մայր, ոչ մի հայր չի ուզենա իրա որդին զոհվի, բայց հայրենիքը թանկ է, ու եթե էրեխեքը որոշել են, արգելք պետք չի կանգնել, հետո իրանք չեն կարա նորմալ ապրեն»։

Մեկ ամսից ավելի է, ինչ ռազմաճակատում է նաև կամավորական Արթուր Մելքոնյանը։ Երկու օրով վերադաձել էր, բայց ճակատ մեկնելիս «Ազատությանը» վստահեցրեց, որ հաղթանակով են վերադառնալու։ Ասաց, որ թիկունքից իրենց հասած քաղցրեղենից էլ քաղցր են դրանց հետ ուղարկվող երկտողերը․ - «Մուրաբա բաժին ընկավ մեզ։ Զինվորի մայր էր գրել՝ տղաս, որդիս, խնդրում եմ առողջ եղիր, շուտ վերջանա, Աստված խաղաղություն տա, ու անպայման հետ կգաք։ Դա որ տեսնում ու կարդում ես, էդ փոքր նամակն էլ քեզ արդեն դուխ ա տալիս, որ դու մենակ չես»։

Արթուր Ղազարյան

Առաջնագծի ժամկետային զինծառայողները կամավորական Արթուրին էլ են զարմացրել, զենքի պակաս, ասում է, չունեն, բայց անգամ ձեռքի տակ ընկած զենքով անվրեպ տանկ են խոցում երիտասարդները․ - «Տանկին կարողանում են գրանատամյոտով խփեն, որ անհնար ա, որ նոր տանկերին խփի զինվորը, որը որ ես իմ աչքով եմ տեսել։ Բաներ կան, որ իսկականից զարմանում ես՝ ոնց կարա սովորական բանակը կռվի շատ ուժեղ տեխնիկայի դեմ ու հաղթի ու մի գրամ հող չտա։ Ու բոլորը մեր զինծառայողներն են, մեր զինվորներն են՝ 18-20 տարեկան էրեխեքը»։

Արթուրն ասաց, որ ադրբեջանական կայքերը տարածել են իրենց խմբի լուսանկարն ու նշել, թե կադրում երևացող բոլոր զինծառայողներին սպանել են։ Նա շտապեց որդիներից լուր չունեցող իր ընկերների ծնողներին տեղեկացնել՝ դա ապատեղեկատվություն է, բոլորը ողջ են, պարզապես անվտանոգթւյունից ելնելով ուշ-ուշ են կապի դուրս գալիս, ինքն էլ հիմա գնում է նրանց միանալու․ - «Բոլորը ողջ են, բոլորի ծնողներն բարևում եմ ու շնորհակալ եմ, որ տենց առյուծ տղեք են ծնել»։

Երկու կամավորներն էլ վստահ պնդում են՝ թիկունքի տրամադրությունն արագ առաջնագիծ է հասնում, հորդորում են միասնական լինել, չպառակտվել ու հավատալ հաղթանակին։