Ֆրանսիայի նախագահն ու Կանադայի վարչապետը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան խնդիրը, հաղորդում է պաշտոնական Օտտավան։
«Վարչապետ Թրյուդոն և նախագահ Մակրոնը մտքեր են փոխանակել միջազգային խնդիրների շուրջ և ընդգծել երկխոսության ու դիվանագիտության կարևորությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում», - հայտարարել է Թրյուդոյի գրասենյակը։
Ավելի վաղ Կանադան սառեցրել էր ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, երբ արտգործնախարարությունը հետաքննություն էր սկսել՝ պարզելու՝ որքանով են հավաստի տեղեկությունները, որ դրանք օգտագործվում են ղարաբաղյան հակամարտության գոտում։
Թուրքիայի նախագահը քննադատել էր այդ որոշումը, արտգործնախարարությունն էլ պնդել էր, թե այն հակասում է «ՆԱՏՕ-ի դաշնակցային հարաբերություններին և թելադրված է հայկական սփյուռքի կողմից»։