Գրողների միությունը հերթական կոչով դիմել է աշխարհի մտավորականությանը

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան

Հայաստանի գրողների միությունը հանդես է եկել կոչով՝ ուղղված «աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության և ազատության ջատագով մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին՝ իրենց ձայնը բարձրացնելու բազմաչարչար Արցախի հողում խաղաղության հաստատման և Մեծ Աղետի կանխման համար»:

«Մենք արդեն պատերազմի առաջին օրերից տարբեր կոչեր ենք հղել և՛ աշխարհի գրողներին, և՛ մտավորականներին։ Ահա այս վերջին կոչի հիմնական նպատակը այն է, որ Արցախում կատարվող հակամարդկային պայթեցումները, միջազգայնորեն արգելված զինատեսակների օգտագործումը, խաղաղ բնակչության հրթիռակոծությունը․․․ հիմնական մեր թիրախը դա է, որպեսզի վերստին մենք Միավորված ազգերի կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպություններին, նաև գրողական կազմակերպություններին արտարբեր քնից արթնացնենք։ Որովհետև մենք տեսնում ենք, որ աշխարհում երբ մի ծտի թև է վիրավորվում, Կանաչների միություններ և այլ միություններ ինչպիսի մեծ աղմուկ են բարձրացնում։ Բայց ահա ամբողջ մի բնություն է այրվում, խաղաղ բնակիչներ են ռմբակոծվում, ֆոսֆորային ռումբեր են նետվում հիվանդանոցների և անտառների վրա, իսկ մենք չենք տեսնում այն մարդու ընդդիմանալը, ըմբոստանալը։ Ոչ միայն մարդու, այլև կազմակերպությունների, որոնք իրենց նպատակներով հենց ուղղված են դրան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Նրա խորին համոզմամբ, քաղաքակիրթ մարդկությունը արցախյան պատերազմի հենց առաջին իսկ օրերից պիտի իր վերաբերմունքը հայտներ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի նկատմամբ և չփորձեր հավասարության նշան դնելով աչք փակել այն ամենի նկատմամբ, ինչ արդեն մեկ ամսից ավել տեղի է ունենում Արցախում․ - «Քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան հիմնականում պիտի կարողանար չարը և բարին զատել իրարից, պիտի կարողանա իր առաքելությունը, իր ընդունած հիմնարար որոշումները պաշտպանել։ Երկուսին հորդորում են, մտահոգություններ են արտահայտում․․․ այս ձևը քարացած ձև է։ Եվ մենք ընդհանրապես քաղաքակրթության որակ ապահովողներին ենք դիմում՝ հիմնականում Ամերիկա, Եվրոպա, որոնք մշտապես Հայաստանում գործում են իրենց հասարակական կազմակերպություններով, իրենց ներկայացուցիչներով և պահանջներ ունեն, ասենք, մարդու իրավունքի, բնության պահպանության և այլն, և այլն։ Ուրեմն եղբայրներ, հիմա բնությունն է ավիրվում, հիմա խաղաղ բնակիչներ են կոտորվում, հիմա տեսնում է աշխարհը, որ ահաբեկիչներ են բերվում»։

«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն ասաց․ - «Չնայած պատերազմի առաջին օրվանից առ այսօր ամեն օր, ամեն առիթով համոզվում ենք, որ աշխարհի ճնշող մեծամասնությունը, աշխարհի մեծերը, այն տերությունները, որոնց ձայները կարող էին ինչ-որ բան փոխել այս իրավիճակում, նրանք վերցրել են «ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասի» կարգախոսը։ Բայց դե հայերս համառ ենք։ Ինչպես պատերազմում ենք համառ, ինչպես մեր տղաները ամեն թիզ հողի համար համառ կռիվ են տալիս։ Թիկունքն էլ փորձում է, բացի նրանից, որ օգնի բանակին, իր տղաներին, նաև հնարավորինս իր ձայնը լսելի դարձնի՝ եթե դա հնարավոր է։ Մենք էլ փորձում ենք այս կոչով ինչքանով հնարավոր է լսելի դարձնել։ Ասեմ, որ շատ լավատես եմ, որ կընդունվի, իհարկե չէ։ Բայց նաև իրատեսության այն բաժինը ունեմ, որ մենք անում ենք այն, ինչ հնարավոր է անել»։