Հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ, հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Համաձայն տարածած հաղորդագրության, նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները:
Ադրբջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիկ և Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել և ոչնչացվել են ՀՀ զինված ուժերի կողմից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի (ագրեսիվ պատերազմը) 2-րդ մասով, 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) 1-ին մասի 1-ին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: