ԵԽ-ը պետք է «վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի քաղաքացիների ապրելու իրավունքը», ընդգծել է Մնացականյանը

«Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին:

Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ իր ելույթում Մնացականյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով:

Նախարար Մնացականյանը հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։

ԱԳ նախարարը նշել է, որ «Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է»:

Զոհրաբ Մնացականյանը նաև ներկայացրել է, որ ինչպես ահազանգել է Գլխավոր քարտուղարը, Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ՝ նշելով. «Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին»։

Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը համակարծիք է, որ պետք է հաստատվի հրադադար և մի քանի անգամ փորձ կատարվել է, բայց Ադրբեջանը տապալել է բոլոր փորձերը:

«Մենք համակարծիք ենք, որ պետք է հրաժարվել ատելության խոսքից, սակայն մենք տասնամյակներ շարունակ ապրում ենք մեր հարևաններից երկուսի կողմից հնչող ատելության հռետորաբանության պայմաններում: Դա հստակ կերպով արձանագրված է Եվրոպայի խորհրդի դիտորդական զեկույցներում: Մենք համակարծիք ենք, որ լրագրողներին պետք է հասանելիություն տրվի պատերազմը տեղում լուսաբանելու համար։ Մենք հավատարմագրել ենք հարյուրավոր միջազգային լրագրողների, ովքեր տեղում ականատես են եղել ավերածություններին և հումանիտար աղետին: Նրանցից ոմանք միտումնավոր թիրախավորվել են Ադրբեջանի կողմից», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Մնացականը նշել է՝ «իրապես մենք կիսում ենք ձեր գնահատականները, ձեր հայտարարությունները», հավելելով, որ հայտարարությունները, սակայն, այլևս բավարար չեն:

«Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը, ինչը նույնպես մատնանշել է Եվրոպական դատարանը: Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, իսկ այժմ էլ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերը պետք է հասցեագրվի», - հայտարարել է Մնացականյանը։

Հայաստանի արտգործնախարարը հորդորել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հակամարտության գոտիներ անարգել մուտք ապահովելու համար. «Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Խաղաղության ու բարգավաճման, Եվրոպայում առավել լայն միասնության ժառանգությանը: Սակայն այս շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին»:

Մնացականյանը նաև հավելել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով. «Ադրբեջանն այժմ խախտում է այդ հանձնառությունը և բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Կազմակերպությունը պետք է հասցեագրի այս խախտումը»: