13 տոննա թղթի թափոնի և գրքերի վաճառքից ստացված 2,5 միլիոն դրամն արդեն փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
«Թիկունքը ամուր պահելու համար։ Եթե կարելի է ինչ-որ մի բանով օգնել պետությանը, բանակին, կարելի է բոլոր ռեսուրսները օգտագործել։ Մենք ոնց կարող ենք զինվորներին չօգնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Լիլիթը շաբաթվա ընթացքում թղթի թափոն է հավաքում, կիրակի օրը՝ տեսակավորում։ Ամեն օր Արտաշատի դրամատիկական թատրոնում գրեթե 2 տոննա թուղթ է հավաքվում․ - «Ընկերություն կա, որը համաձայնեցրել է մեզ հետ ավելի բարձր գներով ընդունելու համար, քանի որ նպատակը իրեն էլ էր դուր եկել։ Պետական կառույցները բերում են իրենց փաստաթղթերը, որոնք արդեն անպիտան են, իսկ անհատները բերում են հիմնականում գրքեր, տետրեր, թղթեր, որոնք արդեն իրենց կամ անհրաժեշտ չեն, կամ նախընտրում են տալ մեզ, որպեսզի մենք էդ գրքերը վաճառենք»։
Այստեղ առանձնացրել են նաև գրքերի վաճառքի համար սեղան։ Շատերը նպատակն իմանալուց հետո մի քանի հազար դրամի փոխարեն մի քանի հարյուր դոլար են վճարում․ - «Այս տարածքում վաճառքի գրքերն ենք առանձնացնում։ Օրվա ընթացքում այս սեղանը դրսում ենք դնում, անցորդները գնում են գրքերը։ Ափսոսում ենք էդ գրականությունը վերամշակման տալ»։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին պատերազմի առաջին օրից` սեպտեմբերի 27-ից ի վեր նվիրաբերել են 7 մլն դոլար։ Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին և կամավորին։ Հատուցումը մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում։ Հիմնադրամի հիմնական եկամտի աղբյուրն աշխատող քաղաքացիների աշխատավարձից ամսական գանձվող 1000-ական դրամներն են։