UEFA-ն «Ղարաբաղ» ակումբի աշխատակցին ժամանակավորապես արգելել է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ

Եվրոպական ֆուտբոլային ընկերակցությունների միությունը (UEFA) ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես արգելել է զբաղվել ֆուտբոլին առնչվող որևէ տեսակի գործունեությամբ։ Այս մասին այսօր տեղեկացրել է UEFA-ի մամուլի ծառայությունը։

Նման որոշման պատճառը մի քանի օր առաջ Facebook-ում Իբրահիմովի կատարած գրառումն էր, որում նա հայերին սպանելու կոչ էր հնչեցրել։ Հետագայում նա հեռացրել էր գրառումը, իսկ «Ղարաբաղ» ակումբը հայտարարել էր, թե պատրաստվում է պատժել իր աշխատակցին։

UEFA-ն Իբրահիմովի դեմ կարգապահական վարույթ է հարուցել «ռասիստական և այլ տեսակի խտրական վերաբերմունք ցուցաբերելու և պատշաճ պահվածքի հիմնարար կանոնները խախտելու համար»։