Դեսպանի փոխանցմամբ, այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ

Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Այդ մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Թաթոյանը նշել է, որ հանդիպման ընթացքում դեսպանին է ներկայացրել փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

Հայաստանի օմբուդսմենն իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտագության և իրավունքների պաշտպանության հարցերը։

Լաքոտը խստորեն դատապարտել է հայերի դեմ վանդալիզմի և հարձակման դեպքերը և տեղեկացրել, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրարելու կոչեր անելու համար։

«Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։ Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար», - ասված է պաշտպանի հաղորդագրությունում:

Օրեր առաջ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է արգելել իր տարածքում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։

Դարմանենի այս հայտարարությունը հնչեց Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին Լիոնում կառուցված հուշահամալիրի պղծումից հետո։ Հուշահամալիրի վրա դեղին ներկով թուրքամետ գրառումներ էին կատարվել, մասնավորաբար` «Գորշ գայլեր» և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան առաջին տառերը՝ RTE։

Հիշեցնենք, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը համարվում է թուրքական ազգանական ամենահայտնի կառույցների մեկը՝ սերտ կապեր պահպանելով Թուրքիայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։ Դևլեթ Բահչելիի ղեկավարած այս կուսակցությունը նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական դաշնակիցն է Թուրքիայի ներսում։

60-ականների վերջին ստեղծված «Գորշ գայլերը» համարվում են «Ազգայնական շարժում» կուսակցության ոչ պաշտոնական զինյալ թևը։ 80-ականներին «Գորշ գայլերը» իրենց ազդեցությունը սկսեցին տարածել նաև Արևմտյան Եվրոպայում՝ այդ թվում Ֆրանսիայում։1984 թվականի մայիսին, օրինակ, «Գորշ գայլեր»-ի անդամները պայթեցրին Փարիզի արվարձաններից մեկում՝ Ալֆորվիլում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։