Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացօթյա համերգաշար է անցկացրել՝ հանգանակելով 30 մլն դրամ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերջին 4 օրերի ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպել էր  բարեգործական համերգներ, որոնց ընթացքում ստացված ողջ հասույթը՝ 30 միլիոն դրամ հատկացվել է Զինծառայողների աջակցության հիմնադրամին:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, զինծառայողներին աջակցելու համար թե՛ համերգների ընթացքում, թե՛ առցանց հանգանակություններ են կատարել: Համերգների ընթացքում հնչել են միայն հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր՝ նվագախմբի և անվանի արտիստների մասնակցությամբ:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնեցին չորս համերգային երեկոներ, որոնք տեղի ունեցան Երևանի մարդաշատ վայրերում։ Այս նախագծով մեր նպատակը մեկն էր՝ աջակցությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, և դրամահավաք իրականացնել մեր փոքրիկ համերգային ծրագրով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, բացի այդ նախաձեռնությունից, որը միայն այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում շատ արագ կարողացանք պատրաստել, անցած մեկ ամսվա ընթացքում ամենատարբեր ծրագրեր է իրականացրել, որպեսզի օգնի մեր զինծառայողներին, մեր բանակին», - նշեց Բալբաբյանը։

Այս մեկ ամսվա ընթացքում մշակութային տարբեր հաստատություններ ամենատարբեր միջոցներով հնարավորինս աջակցում են բանակին: Սարգիս Բալբանյանն ասաց, որ թիկունքում իրականացվող բազմաթիվ ծրագրերում են ընդգրկված, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով են որոշակի աշխատանքներ իրակացնում։

Եվ իհարկե, իրենց նվագախմբի հետ համագործակցած բազմաթիվ անվանի երաժիշտների ներկայացնում են ճշմարտությունը Արցախում ընթացող պատերազմի մասին․ - «Տեղեկացնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի նրանք էլ տեղեկացված լինեն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին։ Այսինքն՝ ինֆորմացիայի տարածում, ինչպես նաև մի շարք աշխատանքներ, որպեսզի մենք կարողանանք լսելի դարձնել մեր ձայնը։ Իհարկե սրանք շատ կարևոր ուղղություններ են, և մենք շատ ուրախ ենք, որ մի փոքր աշխատանք կարողացանք անել, և հավաքվեց մոտ 30 միլիոն դրամ, որը փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Պետք է նշեմ, որ այս նախագծի վրա ոչ մի լումա չի ծախսվել․ բոլոր այն ընկերությունները, ում հետ համատեղ մենք իրականացրեցինք այս նախագիծը, բոլորն առանց որևէ վճարի մասնակցել են մեր այս նախաձեռնությանը։ Այդ պատճառով ցանկանում են շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր այս օրերին մեր կողքին էին։ Նվագախումբը շարունակում է նաև իր աշխատավարձի տասը տոկոսը յուրաքանչյուր ամիս ուղղել այդ ծախսերին։ Նաև սոցիալական փաթեթների գումարները նվագախմբի երաժիշտները նույնպես փոխանցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։

Հարցին, թե ի՞նչպես են նվագախմբի հետ համագործակցող հանրաճանաչ երաժիշտներն արձագանքում Արցախում կատարվող իրադարձություններին՝ Սարգիս Բալբայանը պատասխանեց․ - «Մարդիկ, ովքեր եղել են Հայաստանում գոնե մեկ անգամ և շփվել են այստեղ երաժիշտների, մշակութային գործիչների հետ, իրենք շատ լավ պատկերացնում են մեր տեսակը։ Այդ իսկ պատճառով, բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, ում որ մենք դիմել ենք, մենք ստացել ենք իրենցից զանգեր և նամակներ, որտեղ բոլորը շեշտում են, որ իրենք միանգամայն մեր կողքին են և ինչով որ կարող են, կաջակցեն, նաև ֆինանսապես։ Եվ այս մասին դեռ մենք շատ երկար հետո կխոսենք։ Բայց պետք է ասեմ, որ նաև այնպիսի արվեստագետներ, որոնք որևէ կապ չունեն հայ ազգի հետ, չունեն հայկական արմատներ, նրանք նույնպես ցանկություն են հայտնել Հիմնադրամին գումարներ փոխանցել։ Եվ այն ծրագրերը, որոնք որ մեր նվագախումբն է իրականացնում՝ որոշակի թիրախային ապրանքների ձեռք բերում և ուղարկում, այդ աշխատանքներում մեզ աջակցել են, որը որ շատ-շատ գնահատելի է»։