Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ այն մասին, որ Թուրքիան չի կատարում դատարանի որոշումը

Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին այս հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Կառավարությունը դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: «Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից:

Միևնույն ժամանակ Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով», - ասված է հաղորդագրության մեջ:

Եվրադատարանը Թուրքիային կոչ էր արել զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։