Ահաբեկչական գրոհ Ավստրիայի մայրաքաղաքում

Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան տուժածներ: Ոստիկանների փոխանցմամբ, կա առնվազն մեկ զոհ, խոսքն, ամենայն հավանականությամբ, մահապարտ ահաբեկչի մասին է, ով կամ սպանվել է ոստիկանների արձակած կրակոցներից, կամ զոհվել է՝ պայթեցնելով «մահապարտի գոտին»:

Կան վիրավորներ, այդ թվում ոստիկաններից մեկը: Չի բացառվում, որ զոհերի և վիրավորների թիվը կմեծանա: Ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ:

«Քաղաքի կենտրոնում փոխհրաձգություն է, խուսափեք հանրային վայրերից և տրանսպորտից, մի տարածեք տեսագրություններ և լուսանկարներ, մնացեք այնտեղ, որտեղ հիմա եք գտնվում»՝ այսպիսի կոչով է բնակիչներին դիմել Վիեննայի ոստիկանությունը:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը մամուլին փոխանցել է, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին հարող տարածքում մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ:

«Այս պահին ես հաստատում եմ, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է»,- ասել է նախարար Նեհամմերը:

Կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ «Վիեննայում տեղի է ունեցել զարհուրելի ահաբեկչություն»: Կանցլերը հավաստիացրել է, որ բանակը կպաշտպանի քաղաքները, իսկ ոստիկանները կկենտրոնանան հակաահաբեկչական օպերացիայի վրա:

Ականատեսների փոխանցմամբ, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակի մոտակայքում, որտեղ գտնվում է Վիեննայի սինագոգը:

Տեղում պարեկություն են անում ոստիկանության և անվտանգության հատուկ ծառայության ջոկատներ: Այս պահին հայտնի չէ՝ հենց սինագո՞գն էր հիմնական թիրախը, թե՞ եղել են նաև այլ թիրախներ:

Օրերս ահաբեկչական հարձակումներ տեսած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քիչ առաջ իր համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին և խոսել է Վիեննայում տեղի ունեցած գրոհի մասին:

«Սա մե՛ր Եվրոպան է, մեր թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, մենք չենք նահանջի»,- հայտարարել է Մակրոնը: