Ֆրանսիայում կարող են օրենքից դուրս հայտարարել «Գորշ գայլերին»

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը, Փարիզ, արխիվ

Լիոնում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծելուց հետո Ֆրանսիայում կարող են օրենքից դուրս հայտարարել «Գորշ գայլեր» (Bozkurtlar) ծայրահեղական ազգայնական թուրքական կազմակերպությունը:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ հնարավորության մասին խոսել է ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը: Ենթադրվում է, որ հարցը կառավարությունում կքննարկվի վաղը՝ նոյեմբերի 3-ին:

«Գորշ գայլերին» ապօրինի հռչակելու գաղափարն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ այդ շարժման ներկայացուցիչները Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի վրա վառ դեղին ներկով գրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան սկզբնատառերը, խմբավորման անունը ֆրանսերեն, ինչպես նաև հայհոյանքներ:

Նախագահ Էմանյուել Մակրոնը Ֆրանսիայում պատմության ուսուցչի դաժան սպանությունից հետո հայտարարել է, որ «արմատական իսլամն ամբողջ աշխարհում ճգնաժամի մեջ է հայտնվել»: Նա ասել է նաև, թե անհրաժեշտ է ավելի ուշադիր հսկել մզկիթների ֆինանսավորումը:

Թուրքիայի նախագահ Էրդողանն այդ մեկնաբանությունից հետո Մակրոնի հասցեին անձնական վիրավորանքներ է հնչեցրել: Մակրոնին քննադատել են նաև մեծ թվով մահմեդական երկրներում:

Եվրոպական երկրների ղեկավարները դատապարտել են Էրդողանի կեցվածքն ու իրենց համերաշխությունն են հայտնել Մակրոնին: