Շուշիում մասնակի վնասվել է «Գոհար աղա» մզկիթը, հաղորդում է հայկական կողմը

Շուշին հոկտեմբերի 29-ին

Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ըստ նույն աղբյուրի` Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։

«Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։

Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության», - ասված է հաղորդագրության մեջ։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

Բաքուն իր հերթին հաղորդում է, որ հայկական կողմը թիրախավորել է որոշ բնակավայրեր: