«Բաքուն ստիպված է փոխել հարվածի ուղղությունը»
«Ռեպորտյոր» կայքի և առցանց այլ պարեբարականների համար վերլուծություններ պատրաստող ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարժեցկին համոզված է, որ Լեռնային Ղարաբաղում հանդիպելով հայերի կատաղի դիմադրությանը՝ Բաքուն ստիպված է փոխել հիմնական հարվածի ուղղությունը:
Սերգեյ Մարժեցկին ընդգծել է՝ Լաչինի միջանցքի գրավումը ձախողվում է, հետևաբար, պետք է փորձի գրավել Արցախը՝ Ստեփանակերտին ուղիղ հարվածներ հասցնելով: Անհաջողությունը Ադրբեջանի բանակին և դրա թուրք հրահանգիչներին պարտադրում է անցնել «Բ» ծրագրին, զորքը դուրս հանել հնարավոր շրջապատումից և տեղափոխել հարևան լեռնային կիրճ, որտեղից կարող է բացվել Շուշի տանող ճանապարհ:
«Լաչինի ամոթալի ձախողումից հետո Շուշին Ադրբեջանի համար հաղթանակի վերջին, բայց իրատեսական շանսն է: Զուր չէ Ղարաբաղի նախագահն օրերս հայտարարել, թե ով տիրում է Շուշիին՝ տիրում է նաև Արցախին: Շուշին Բաքվի համար ոչ միայն ռազմական, այլև ազգային հեղինակության հարց է: Պատերազմի ճակատագիրը լուծվում է Շուշիի տակ, որտեղ Ադրբեջանը չունի վճռական գերակայություն, իսկ անօդաչուները չունեն այլ հատվածներով ապացուցած արդյունավետությունը», - նշել է փորձագետը:
Ձևավորվում է նոր ստատուս-քվո
Ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ, այսօր ձևավորվում է նոր ստատուս-քվո, կողմերը դա ընդունում են, ադրբեջանական բանակն առաջ է անցել, դա խթանում է Ադրբեջանի վճռականությունը, բայց մյուս կողմից էլ հայերին ստիպում է աներևակայելի պայքար մղել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, կողմերը փորձում են առավելագույնը կորզել բանացկությունները վերսկսելուց առաջ, Բաքվին ձեռնտու է բանակցել ուժի դիրքից:
«Ստեփանակերտին սպառնում է Սարաևոյի ճակատագիրը»
«Եթե Ադրբեջանը հաղթի՝ Ստեփանակերտը կդառնա նոր Սարաևո», - ասել է Բրիտանիայում գործող Պաշտպանական հետազոտությունների արքայական միացյալ ինստիտուտի վերլուծաբան Նեյլ Մելվիլը: Նա նկատի ունի Սարաևոյի ցեղասպանությունը, որը 1990-ականներ Բոսնիայի պատերազմում իրագործել են սերբ ազգայնական ուժերը:
«Ռոյթրի» հետ զրույցում բրիտանացի փորձագետները նաև նշել են, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է արագ ավարտել գրոհը, գիտակցելով, որ ցուրտ եղանակը չափազանց դժվար կդարձնի Ղարաբաղի գրավումը:
«Կա՛մ գրավել Շուշին, կա՛մ կտրել Լաչինի միջանցքը՝ Բաքուն պետք է ընտրի այդ նպատակներից մեկը, եթե միջանցքին չտիրանա՝ Ադրբեջանը տանուլ կտա այդ պատերազմը», - կարծիք է հայտնել ամերիկացի փորձագետ Մայքլ Կոֆմանը, նշելով նաև, որ հայերի վիճակը շատ անորոշ է: Նրա համոզմամբ, ի վերջո խնդիրը պետք է կարգավորվի ռուսների և թուրքերի բանակցություններով:
«Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Հայաստանն այսչափ համառ կռվում»
Bloomberg-ի մեկնաբան Մարք Չեմպիոնը գրում է, թե այս պատերազմում Թուրքիայի միանշանակ աջակցությունը Բաքվին միանգամայն փոխել է իրավիճակը:
«Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Հայաստանն այսչափ համառ կռվում» վերնագրած հոդվածում Չեմպիոնը գրում է, թե մինչ պատերազմն այդ օգնությունը սոսկ հռետորական էր, բայց վերջին ամիսներին Անկարան զենքով օգնում է Ադրբեջանին, Ռուսաստանը պայմանագիր ունի Հայաստանի հետ, սակայն այն գործում է միայն «բուն Հայաստանի տարածքի վերաբերյալ»: Միացյալ Նահանգներն ունի շահեր տարածաշրջանում, բայց դրանք առաջնային չեն համարվում: Ֆրանսիայի լծակները շատ ավելի համեստ են:
Ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման անձեռնմխելի իրավունքը
Կանադայի միջազգային ռադիոն հաղորդում է, որ Սենատում առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այդ նախաձեռնությունը ներկայացրել է պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը, ով խստորեն դատապարտել է թուրքադրբեջանական բանակի հարձակումները: Նա դաշնային կառավարությանը կոչ է անում «հաշվի առնել քաղաքացիական անձանց շարունակական թիրախավորումը և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անձեռնմխելի իրավունքը»:
Պարտադիր ուժ չունեցող այդ օրինագծում նաև նշվում է Թուրքիային զենքի վաճառքը սառեցնելու հնարավորությունը: Եթե նախաձեռնությունն ընդունվի՝ Կանադայի օրենսդիրը կդառնա առաջինն աշխարհում, ով կճանաչի Լեռնային Ղարաբաղը: