Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վասիլի Նեբենզյան այսօր հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է ևս մեկ անգամ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը:
Դեսպանի փոխանցմամբ, «դա տեղի կունենա այն դեպքում, եթե իրավիճակը չբարելավվի»:
Այդ մասին դիվանագետն ասել է Նյու Յորքում հրավիրած ասուլիսում, որի ընթացքում ամփոփել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի նախագահության աշխատանքը:
«Ես չեմ կարող բացառել, որ վիճակը կվատթարանա, խորհուրդը կարող է դրան վերադառնալ և զբաղվել խնդրով: Թե որ ձևաչափով դա կարող է լինել՝ առայժմ դժվար է ասել»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը, պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության այն հարցին, թե արդյոք Անվտանգության խորհուրդը ծրագրում է դռնբաց քննարկում անցկացնել ղարաբաղյան պատերազմի թեմայով:
ՄԱԿ-ի ԱԽ-ն սեպտեմբերի 29-ին անցկացրել է դռնփակ քննարկում, որին ներկա չեն եղել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: