Առնվազն 12 զոհ, հարյուրավոր վիրավորներ Իզմիրում

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հրապարակած վերջին տվյալներով, այսօր Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, 419 հոգի վիրավորվել է: 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր Իզմիր նահանգի Սեֆերհիսար վարչական շրջանում, ցնցումները ուժեղ են եղել նաև Բորնովա և Բայրաքլը շրջաններում:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում 16,54 կմ խորության վրա: «Անադոլու» գործակալությամբ հաղորդմամբ, Իզմիրի մի քանի վարչական շրջանում տասնյակ շենքեր հիմնովին ավերվել են կամ մասամբ փլվել, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Ուժգին ցնցումները զգացվել են հարակից նահանգներում, նաև Բուրսայում և Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը ողջ կարողությամբ տուժած քաղաքացիների կողքին է: Աղետի հետևանքների վերացման և տուժածների աջակցության համար բյուջեից 3 մլն լիրա է հատկացվել: