Գրական լուրեր

Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Լրանում է Վարպետի ծննդյան 145-ամյա հոբելյանը, որը Իսահակյանի տուն-թանգարանի նախաձեռնությությամբ պիտի նշանավորվեր մի շարք իրադարձություններով, սակայն արցախյան պատերազմի այս օրերին, բնականաբար, ամեն ինչ հետաձգվել է մինչև պատերազմի հաղթական ավարտը:

Ինչպես ամեն տարի, տուն-թանգարանի աշխատակիցները, Վարպետի պոեզիայի երկրպագուները, նրա ընտանիքի, նաև իհարկե Գրողների միության անդամներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան Պանթեոն, ծաղիկներ դրեցին Վարպետի շիրիմին։

«Մարգարե բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 145-ամյակը՝ մեր մեծ բանաստեղծի, որը այսօր էլ առաջնագծում կռվողների հետ է։ Իր գրականությամբ, իր ժառանգությամբ, իր ամեն ինչով ապրող մեծ բանաստեղծը», - ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Գրող նկարիչները՝ Արցախին

Ավետիք Իսահակյանի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելուց հետո միության անդամները շտապեցին Գրողների տուն, որտեղ այսօր բացվեց մի քանի գրողների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես–վաճառքը: Ստացված հասույթն ամբողջովին նվիրաբերվելու է «Հայաստան։ համահայկական հիմնադրամին։ Ներկայացված են Արևշատ Ավագյանի, Բակուր Կարապետյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Էդվարդ Հախվերդյանի, Նանեի, Սաթենիկ Ղազարյանի և Արտաշես Արամի գեղանկարչական աշխատանքները:

«Վերջին մի ամսվա մեջ Գրողների միությունը տարբեր ակցիաներ է իրագործում։ Առաջին հերթին, մեր գրողները, իրենց գրքերի վաճառքով, Գրողների միության դիմաց «Նոր գիրք» գրախանութում բաժին ենք ստեղծել, որ գրքերը վաճառվեն և գումարը ուղարկվի «Հայաստան» հիմնադրամ։ Վաճառվում են, ուղարկում ենք։ Ասեմ նաև, որ մեր Ծաղկաձորի ստեղծագործական տունը արդեն մոտ 90 երեխա, կին Արցախից եկած տեղավորել ենք, նրանց հարցերով ենք զբաղվում։ Նաև մեր գրողների միությունում վերջին մի տասը օրը ցանցեր են գործում առաջնագծի համար։ Եվ այսօր մենք բացում ենք գրող նկարիչների ցուցահանդես-վաճառքը, որի հասույթը կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամ», - նշեց Միլիտոնյանը։

Գրքերի ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամ

Ամփոփելով նշենք, որ վաղն էլ նմանօրինակ ակցիայով են հանդես գալու նաև գրահրատարակիչները: Վաղը կեսօրից հետո Կասկադի տարածքում կբացվի գրքերի ցուցահանդես-վաճառք, որից գոյացած հասույթը նույնպես ամբողջովին կնվիրվի հիմնադրամին՝ ի աջակցություն հայկական բանակի: