Վարչապետը հայտարարում է՝ «մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին»

«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի, European Post-ի, Foreign Policy-ի , Tageblatt-ի և Il Gеornale-ի հարցերին:

Պատասխանելով, թե ինչ է ակնկալում ԵՄ-ից՝ իմանալով, որ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները, վարչապետն ասել է. «Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի: Բայց Դուք ինձ հարց եք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետև այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք»:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին, «դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ»:

«Այլ բան է՝ դուք ուզո՞ւմ եք նկատել այդ պատերազմը, թե՞ չեք ուզում նկատել: Ինչքան չնկատեք, այն ձեզ համար ավելի ու ավելի նկատելի կդառնա: Այո, մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա», - ընդգծել է վարչապետը:

Լրագրողի հարցին՝ կա՞ արդյոք մի բան, որը կարող էր անել՝ պատերազմը կանխելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»: Այո, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ի՞նչ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին»: