Հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ

Այսօր Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Միաժամանակ, ինչպես գրում է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

​«Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը», - ասված է հաղորդագրությունում: