«Թիմ Տելեկոմ Արմենիա»-ն գնեց «Բիլայն»-ը

«Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունը հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել Veon Armenia-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունը։

«Շուրջ կես տարի տևած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը», - նշված է հաղորդագրությունում։

Գործարքի կնքումից անմիջապես հետո «Թիմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է․ «Մենք «Թիմ» ՍՊԸ-ում մեր անձնական պատասխանատվություն ենք զգում օգնելու մեր երկրին այս դժվարին ժամանակահատվածում: «Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»։

«Յուքոմ» ընկերությունից հեռացած Եսայան եղբայրների հիմնադրած «Թիմ» ընկերության կողմից «Վեոն Արմենիա»-ն գնելու գործընթացն մեկնարկել էր հուլիս ամսվա սկզբին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 28-ին վերացրել էր «Թիմ»-ի կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու խոչընդոտը: Դրանից օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։