Հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, հետևանքներից առաջին հերթին տուժում է քաղաքացիական բնակչությունը, շեշտում է Կարմիր Խաչը

«Հազարավոր քաղաքացիական անձանց հետ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է», - չորեքշաբթի օրը հայտարարել է ԿԽՄԿ Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը:

Նա հայտնել է, որ գնդակոծության հետևանքով զոհվել է նաև իրենց կամավորներից մեկը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունից, ևս երկու կամավոր վիրավորվել է։

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, իսկ դրանց հետևանքներից առաջին հերթին տուժում է տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը։ Քաղաքացիական անձանց շրջանում կորուստները ժամ առ ժամ են աճում, կյանքը խեղող վիրավորումներ ստացողների թիվը՝ ևս։ Բացի այդ, զգալի վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին», - ընդգծում է Շյուպը՝ հիշեցնելով. - «Սեպտեմբերի վերջին՝ հակամարտության սրացման սկզբից, ԿԽՄԿ-ն հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային օբյեկտները։ Այս ամենը սոսկ բարի կամքի դրսևորումներ չեն․ սրանք կոնկրետ պարտավորություններ են՝ ստանձնված միջազգային մարդասիրական իրավունքի ներքո»։

«ԿԽՄԿ-ն գաղտնապահ երկխոսության ձևաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Այն սարսափելի տեսարանները, որոնց անընդհատ ականատես ենք լինում, պարզապես չպետք է շարունակվեն», - ասված է հայտարարությունում: