Եվրոպական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված բոլոր երեք համաձայնությունների տապալումը: Այդ մասին ԵՄ հայտարարությունը տեղադրված է կառույցի պաշտոնական կայքէջում:
«Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարի շուրջ կայացած համաձայնություններին՝ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և դրա շուրջ շարունակվում են, ստացվում են նոր հաղորդագրություններ խաղաղ բնակչության վրա հարձակումների մասին», - ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոյի հրապարակած հայտարարությունում:
Եվրոպական միությունը հակամարտող կողմերին հիշեցնում է խաղաղ բնակիչների անվտանգությունը միջազգային մարդասիրական օրեքներով երաշխավորելու վերաբերյալ ստանձնած պարտավորության մասին:
Եվրոպական միությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: