Հայաստանի հարավային սահմանին իրադրությունը վերահսկելի է, «Ազատությանը» հայտնեցին Պաշտպանության նախարարությունից, այլ մանրամասներ պաշտպանական գերատեսչությունը չհաղորդեց։
Մեղիրում իրավիճակը հանգիստ է, համայնքապետարանի ներկայացուցիչ Մարիամ Ծատրյանի վստահեցմամբ՝ քաղաքն ընդհանուր առմամբ բնականոն կյանքով է ապրում։
«Վերջին օրերին լարվածությունը, իհարկե, մենք էլ ենք զգում, ոչ թե վերջին օրերին, այլ առաջին օրերից սկսած, որովհետև մենք էլ ենք թիկունք, մենք էլ ենք սահմանամերձ: Ժողովուրդը զբաղված է իր առօրյայով, այստեղ բերքի սեզոն է՝ չրագործությունը: Սահմանամերձ Նռանաձորը նռան բերքի իրացման աշխատանքներով է զբաղված, Մեղրին և Արգարակը՝ արքայանարնջի չրագործությամբ», - ասաց Ծատրյանը:
Երեկ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանական կողմը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Այդուհանդերձ այս շրջանի բնակիչները պայթյունների ձայներ չեն լսել:
«Մեղրի համայնքի վարչական տարածքում ձայները չեն լսվել և որևէ խուճապային տրամադրություն էլ չկա այստեղ», - նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը:
Ագարակ քաղաքում պղնձամոլիպդենային կոմբինատն աշխատում է, անփոփոխ ծանրաբեռնվածությամբ գործում է նաև հայ-իրանական սահմանի մաքսակետը։ Բնակիչները վստահեցնում են՝ խուճապ չկա: Այդուհանդերձ շարժն այս շրջանում այդքան էլ ակտիվ չէ, բազմաթիվ տղամարդիկ այժմ առաջնագծում են:
«Ազատությունը» այսօր եղել ենք նաև Գորիսում, Կապանում, այդ քաղաքներում նույնպես իրավիճակը հանգիստ էր։