ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ «Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են»

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել այսօր Ադրբեջանի կողմից Արցախի Ստեփանակերտ և Շուշի քաղաքները ռմբակոծելու վերաբերյալ:

«Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս «պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»: