Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել Փաշինյանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 26-ը հոկտեմբերի, 2020թ.

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե պատրաստ է մեկնել Մոսկվա և առանց նախապայմանների բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Միաժամանակ Ալիևը նշել է, թե կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում «կառուցողական աշխատանք կատարելու Երևանի ունակությունը»:

«Ես այդպիսի հրավեր [Մոսկվայում բանակցելու] չեմ ստացել, ես բազմիցս մասնակցել եմ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության է եկել [վարչապետ] Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել: Ես երբեք Հայաստանի նախորդ ղեկավարների հետ բանակցություններից չեմ խուսափել», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Ինտերֆաքս»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է նաև, որ Ռուսաստանը՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հատուկ դեր է կատարում կարգավորման հարցում:

«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր էլ քաղաքական ու տնտեսական առումով ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ռուսաստանը մեր հարևանն է: Դրա համար էլ հանդիպումների մեծ մասը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե որքանով նման հանդիպումը հիմա արդյունավետ կլինեն, բայց եթե ստացվի [Մոսկվա մեկնելու] հրավեր, մենք դա միշտ դրական ենք քննարկել և կքննարկենք», - ասել է Ալիևը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի նախագահը պատրաստ է բանակցել առանց նախապայմանների:

«Դրա վկայությունն այն է, որ վաղը Ժնևում պետք է տեղի ունենա մեր երկու երկրների [Ադրբեջանի և Հայաստանի] արտաքին գործերի նախարարների հանդիպումը», - նշել է Ալիևը: