Հայաստանի պաշտպանությանը համազգային բնույթ հաղորդելու նպատակով ստեղծվում է աշխարհազոր

Հայաստանի պաշտպանությանը համազգային բնույթ հաղորդելու, հակառակորդի ոտնձգություններին պատշաճ հակահարված տալու նպատակով ստեղծվում է աշխարհազոր։ Աշխարհազոր ստեղծելու քննարկումները սկսվել էին ամիսներ առաջ, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված այն խորհրդարան հասավ արտահերթ կարգով։ Այսպիսով, կամավորական ուժերի ճիշտ կառավարման հնարավորություն կստեղծվի, ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այս նախագծով մեր պաշտոնական գերատեսչությունը ունենալու է հնարավորություն աշխարհազորի գաղափարի շուրջ համախմբել կամավորական ավելի կառավարելի աստիճան ունեցող մեր ռեսուրսը», - ասաց Քոչարյանը:

Ըստ նախագծի՝ աշխարհազորով հնարավոր կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Աշխարհազորում ընդգրկվում են պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում հաշվառված քաղաքացիները։ Անդամագրումը կամավորության սկզբունքով է, մանրամասնեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան զինվորական հաշվառում պահեստազորում և կցագրում, նրանք աշխարհազորի կազմի մեջ չեն մտնելու: Նրանց մասին է խոսքը, որոնք կամավորներ են և համապատասխան զինվորական պարտավորություն չունեն», - ասաց Բալայանը:

Հարցին՝ կան քաղաքացիներ, որոնք ազատված են զորակոչվելու պարտավորությունից, նրանք կարո՞ղ են աշխարհազորի մեջ մտնել, փոխնախարարը պատասխանեց. «Այո, նրանք կցագրում չունեն»:

Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ։ Ընդհանուր ղեկավարումը գլխավորելու է Զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ աշխարհազորային շտաբի միջոցով։ Զորամիավորման հրամանատարը կլինի յուրաքանչյուր տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը։ Աշխարհազորը կազմվելու է զորամիավորումներից, բրիգադներից ու գումարտակներից։ Իսկ համալրումը իրականացվելու է Պաշտպանության նախարարության զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում։

Մեկ այլ նախագծով հստակեցվում է ռազմական դրության ընթացքում ռազմական խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը տնօրինելու կարգը։ Եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չլինի, պետությունը կարող է տնօրինել քաղաքացիների գույքը։ Անհրաժեշտության դեպքում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները գույքի օրինական տիրապետողին առաջարկում են տրամադրել այն համապատասխան մարմնին: Կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող են վերցնել հարկադիր կարգով:

«Օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե գույքի կորուստ է, ոչնչացում է և այլն, համարժեք փոխհատուցում է տրամադրվում՝ վնասի չափին համարժեք: Այսիքն եթդ հնարավոր կլինի այդ գույքը օգտագործելուց հետո վերադարձնել նորոգելուց հետո, ապա կնորոգվի, նոր կվերադարձվի, եթե ոչնչացվում է և այլն, ուեմն համապատասխան չափոխ փոխհատուցումը էլի կտրվի», - նշեց Բալայանը:

Այս նախագծերն Ազգային ժողովն այսօր ընդունեց միաձայն և ամբողջությամբ։