Դեռ 2006 թվականից Գուրգեն Խանջյանի կողմից հիմնադրված «Գրեթերթ»-ը, որը Գրողների միության երիտասարդական գրական պաշտոնական ամսաթերթն է, տարիներ շարունակ համախմբել է երիտասարդ գրողներին՝ հնարավորություն տալով նրանց ներկայանալ իրենց առաջին իսկ գրական փորձերով։ Եվ այսօր էլ երիտասարդ գրողները պատերազմական այս իրավիճակում որոշել են իրենց ստեղծագործություններով քաջալերել առաջնագծում կանգնած հայ զինվորներին ու սպաներին՝ «Գրեթերթ»-ի առաջիկա համարն ամբողջովին նվիրելով արցախյան գոյամարտին:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում էր «Գրեթերթ»-ի խմբագիր, արձակագիր Նառա Վարդանյանը, թե՛ խմբագրակազմը, թե՛ ամսաթերթի շուրջ համախմբված երիտասարդ գրողները այս վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, արցախյան ռազմաճակատից ստացված լուրերով են ապրում և փորձում իրենց ներդրումն ունենալ հաղթանակի հասնելու համար։
Վարդանյան․ - Բնականաբար, այս օրերին անհանգիստ ենք, մտահոգված ենք, բայց միանշանակ հաղթելու կամքով ենք, հաղթելու վճռականությամբ ենք և ամեն ինչ հաղթանակի համար արվող օրակարգով ենք ապրում։
«Ազատություն»․ - Գիտեմ, որ «Գրեթերթի» առաջիկա համարը պատրաստվում եք ամբողջովին նվիրել հերոսամարտին։
Վարդանյան․ - Այո, Արցախյան հայրենական հերոսամարտին է նվիրվելու այս համարը։ Համարն ամբողջությամբ նվիրված է լինելու մեր զինվոր հերոս տղաներին, ովքեր առաջնագծում են, ովքեր պայքարում են։ Նրանց նկարներով, արցախյան արդեն հյուսվող բանահյուսություն տարրերով․․․ Ինչպես նաև գրողներից, ովքեր մասնակցում են։ Մենք «Գրեթերթի» հեղինակներ ունենք, որ առաջնագծում են, մենք էլ թևավորում, թիկունքավորում ենք մեր հեղինակներին, նաև բոլորին, որ առաջնագծում են։ Ի դեպ, «Գրեթերթի» այս համարը միակը չէ, որ նվիրված է բանակին, մենք միշտ էլ դա որպես գերակա ուղղություն ունեցել ենք մեր թերթի էջերում։
«Ազատություն»․ - Երիտասարդ գրողները այս վերջին մեկ ամսում, այս պատերազմի ընթացքում արդյո՞ք ինչ-որ ծրագրերի մասնակցում են, ինչո՞վ են զբաղված։
Վարդանյան․ - Տղաները առաջնագծում են։ Ովքեր թիկունքում են ինչ-որ գործունեություն ծավալում են։ Կանայք նույնպես, մենք ևս կամավորներ ենք տարբեր տեղերում։ Դրանից զատ, մենք նախատեսում ենք, որ «Գրեթերթի» այս համարը կազմակերպենք, և իր վաճառքը ամբողջությամբ նվիրվի Հիմնադրամին։
«Ազատություն»․ - Ինչպե՞ս կբնութագրեիք երիտասարդ գրողների հոգեվիճակը այս մեկ ամսվա մեջ։
Վարդանյան․ - Բոլորը շատ մարտական են տրամադրված։ Այսինքն՝ մեկ այլ խոսք և մեկ այլ կարծիք չի լինելու, քան հաղթանակը։ Որովհետև մենք ուրիշ տարբերակ չունենք։ Մենք հաղթանակից բացի այլ բան չենք տեսնում․․․ Բոլորս ինչ ունենք, անմնացորդ պետք է դնենք այդ հաղթանակը իրացնելու, այդ հաղթանակը ձեռք բերելու գործում։
Հավելենք նաև, որ Նառա Վարդանյանը ևս վճռել է զինվորագրվել՝ մասնակցելու հայրենիքի համար վճռորոշ պայքարին՝ շեշտելով, որ այս օրերին իր նման շատ կանայք ու աղջիկներ են այդպիսի որոշում կայացնում: