Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշին

Այսօր կեսօրից հետո Արցախի մայրաքաղաքն ու Շուշին ենթարկվել են հակառակորդի հրթիռակոծությանը։

Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությամբ ռազմական ավիացիա է կիրառել, դրա հետևանքներից մեկը Շուշիի մշակույթի տան հարևանությամբ է. մի քանի մետր խորությամբ փոս:

Ղազանչեցոց եկեղեցուց ոչ հեռում գրեթե ամբողջությամբ փլուզվել է բնակելի տուն, վնասվել է դպրոցի շենքը։

Շուշիում ռմբակոծման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսն էլ վրավորվել են: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Այսօրվա հարվածների պատճառով Ստեփանակերտում մեծ վնաս են կրել Հանրապետական հիվանդանոցը և դրա հարևանությամբ գտնվող ծննդատան նորակառույց շենքը:

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում բազմաթիվ քաղաքացիներ են եղել` վիրավորներ, Covid վարակակիրներ, ծննդատանն էլ կային մարդիկ: Բարեբախտաբար տուժածներ չկան:

«Առաջին հարկում անձնակազմ ունեինք, առաջին հարկում դեղատուն ունենք, որտեղ դեղերն էին հաշվարկ անում, այնտեղ 5 հոգի աշխատում էին այդ պահին առաջին հարկում, դեղերն էին տեղավորում համապատասխան սենյակներում, այս պահին այդ սենյակներն էլ ունեն խնդիր, բայց, բարեբախտաբար, ոչ մեկի հետ բան չի պատահել», - ասաց Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր ղեկավար Մհեր Մուսայելյանը:

Հիվանդանոցի տարածքում հենց ռմբակոծության ականատեսը քաղաքացիներից մեկն էր, ով պատմում է. «Մի հատ պառաշուտ տեսա՝ իջնում ա, էդ եմ տեսել, ուրիշ ոչ մի բան»:

Արցախի մայրաքաղաքում այսօրվա ընթացքում մի քանի անգամ հնչեցին օդային տագնապի ազդանշաններ: Ստեփանակերտի թաղամասերից մեկի մի հատվածը գրեթե ամբողջովին ավերվել է: Վնասվել են նաև բնակիչների մեքենաները:

Ստեփանակերտի այսօրվա ռմբակոծության պատճառով խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան. սա նախնական տվյալ է: