Պուտինը և Էրդողանը, ըստ Կրեմլի խոսնակի, «չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:

«Դա չի եղել օրակարգում», - ասել է Պեսկովը՝ ևս մեկ անգամ նշելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ որևէ այլ երկրի մասնակցությանը հակամարտության կարգավորման գործընթացին:

Պուտինը և էրդողանը երեկ են զրուցել հեռախոսով՝ Թուրքիայի ղեկավարի նախաձեռնությամբ:

Ռուսաստանի նախագահը թուրք պաշտոնակցին տեղեկացրել է հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու և լարվածությունը թուլացնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր շփումների մասին:

Պեսկովն ասել է նաև, որ չնայած հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, և կրակի դադարեցման կայուն ռեժիմ դեռ չկա:

«Մարտական գործողությունները շարունակվում են, դա ափսոսանք և մտահոգություն է հարուցում», - այսօր ասել է Կրեմլի ներկայացուցիչը: