Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրամիությունն իր հաջորդ գագաթնաժողովում գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը Ազգային ժողովում իր ելույթում, ինչպես նաև Le Figaro թերթին տված հարցազրույցում:
«Ամբողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը: Անհրաժեշտ է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի», - ասել է Ռիստերը Le Figaro-ին:
Ազգային ժողովում իր խոսքում նա շեշտել է` գագաթնաժողովը «պետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ` ապագայում ավելի լավ պաշտպանելու իր շահերն ու եվրոպական արժեքները»:
Ռիստերը խորհրդարանում ելույթի ժամանակ ընդգծել է, որ Էրդողանի ներկայիս գործողությունները «համապատասխանում են իր վարած կուրսին, որն ուղղված է մի շարք հարևան տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի վերահսկողության ապահովմանը և ամրապնդմանը»:
Հիշեցնենք՝ անցած շաբաթավերջին նախագահ Էմանյուել Մակրոնի հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններից հետո Ֆրանսիան հետ կանչեց իր դեսպանին Թուրքիայից, Անկարայից պահանջեց վերջ տալ «անպատասխանատու պահվածքին», այդ թվում՝ Ղարաբաղի հարցում: